2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները չի կարելի մոռանալ: Փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել այն քաղաքացիներին, որոնք զոհվեցին հանուն ժողովրդարության՝ «ինչպես ֆրանսիական հեղափոխության ժամանակ»: «Իշխանությունները պետք է հայտարարեն, որ այլեւս երբեք ժողովրդի դեմ բռնություն չեն կիրառի: Սա մեր հասարակության համար պետք է դաս լինի»,- նշեց նա:
Ազատ Արշակյանը շեշտեց, որ հասարակությունը արդարադատության հանդեպ վստահության պակաս ունի, եւ դատական համակարգը պետք է դատավարություններն արագացնի: «Կարեւոր է, որ աշխատեն ոչ միայն իրավապահ մարմինները, այլեւ քաղաքացիական հասարակությունը, այն պետք է նշի հանցագործության տարրերը»,- եզրափակեց նախկին պատգամավորը:





























