ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Կոնգրեսում հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանում սումգայիթյան ջարդերի 31-րդ տարելիցի հետ:

Կոնգրեսականի խոսքով՝ 1988 թվականին հարյուրավոր հայեր են սպանվել, բռնաբարվել, խեղվել եւ ողջ-ողջ այրվել:

«Ադրբեջանի իշխանությունները քիչ ջանքեր են գործադրել մեղավորներին պատժելու համար: Դրա փոխարեն, նրանք փորձում են թաքցնել Սումգայիթում կատարված վայրագությունները եւ մինչ օրս հերքում են բռնության հրահրման գործում իշխանությունների դերը»,- հայտարարել է կոնգրեսականը:

Կոնգրեսականը հավելել է, որ Ադրբեջանում հայերի հանդեպ խորը ատելության ցայտուն օրինակ է ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքը, որը 2004 թվականին գազանաբար կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Սաֆարովն այս հանցագործության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել, նշել է կոնգրեսականը:

«2012 թվականին Սաֆարովը արտահանձնվեց Բաքու, որտեղ նրան դիմավորեցին ոչ թե որպես հանցագործի, այլ հերոսի»,- հավելել է Շիֆը:

Դիմելով Կոնգրեսի խոսնակին՝ նա նշել է, որ այս տարի նշվելու է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ մարդկության դեմ համանման հանցագործությունները չճանաչված մնան՝ անկախ այն հանգամանքից երեկ են տեղի ունեցել, 30 կամ 100 տարի առաջ: Այսօր առաջարկում եմ հարգել Սումգայիթում վայրագ ջարդերի ժամանակ սպանվածների հիշատակը: Պարոն խոսնակ, մեր բարոյական պարտքն է դատապարտել ատելությամբ մոտիվացված հանցագործությունները եւ զոհերին հիշել՝ հուսալով, որ պատմությունը չի կրկնվի»,- եզրափակել է Ադամ Շիֆը: