Ներկայումս որևէ քաղաքական խոչընդոտներ չկան Մարտի 1–ի բացահայտման համար։ Այս մասին այսօր՝  Մարտի 1–ին, Ազատության հրապարակում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև ճիշտ հակառակը՝ քաղաքական ամենաբարձր ամբիոններից հնչեցվում է Մարտի 1–ի գործը բացահայտելու քաղաքական պահանջը»,–լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Միրզոյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել,  որ իսպառ բացառվի երկրի քաղաքական կյանքում քաղաքական բռնաճնշումների մեթոդը։

«Երթը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ հասարակությունը միակամ է, որ երբեք նման բան տեղի չունենա»,–ասաց նա։

Այն, ինչ ասում են իրավապահները Մարտի 1–ի բացահայտման կապակցությամբ, համապատասխանում է իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր Մարտի 1–ն ամբողջությամբ բացահայտված է։

Հարցին, թե թավշյա հեղափոխությունից հետո արդյոք հաջողվե՞լ է կառուցել այնպիսի պետական և իրավական համակարգ, որը կբացառի հետագայում նման իրադարձությունների կրկնությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Կարևոր հիմքերից մեկը դրվել է. այն է՝ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը։ Դեկտեմբերի 9–նն ապացուցել է, որ մեք այլևս չենք վերադառնալու անցյալին, մենք նայելու ենք դեպի ապագա և կառուցում ենք պետություն, որի հիմքում ընկած են այն ինստիտուտները, որոնք օգնում են բացառելու ևս մեկ Մարտի 1»։

Հարցին, թե իշխանությունը որևէ դաս պե՞տք է քաղի Մարտի 1–ից, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Բոլորս պետք է դասեր քաղենք Մարտի 1–ից. գլխավոր դասն այն է, որ որևիցե  իշխանություն այլևս ՀՀ–ում որևէ ուժ չգործադրի քաղաքացու առջև, քաղաքացին պետք է ազատ լինի իր կամքն արտահայտել ընտրությունների և այլ միջոցներով»։

Հիշեցնենք, որ Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը՝ ի հիշատակ 2008թ. Մարտի 1–ի զոհերի։