Մոդելյոր Ջոն Գալյանոն 2011թ. ապրիլ-հունիսին կկանգնի դատարանի առջեւ իր հակասեմիտական արտահայտությունների համար: Մեղքն ապացուցվելու դեպքում նրան կսպառնա մինչեւ 6 ամիս ազատազրկումից 22,5 հազ. եվրո տուգանք:
Գալյանոն ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից փետրվարի 24-ին La Perle սրճարանում վեճից հետո: Դրանից հետո սրճարանի երկու հաճախորդներ` 41-ամյա Ֆիլիպ Վիրջիտին եւ 35-ամյա Ժերալդին Բլոխը դատական հայց են ներկայացրել` դիզայներին մեղադրելով հակասեմիտական արտահայտությունների մեջ:
Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության` Գալյանոյի փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը որեւէ հակասեմիտական արտահայտություն թույլ չի տվել, իսկ Գալյանոն առաջին օրերին բացատրել էր, թե խոսվել է մոդայի մասին, սակայն ավելի ուշ պաշտոնապես ներողություն է հայցել` նշելով, որ դարձել է շրջապատողների ոչ ադեկվատ վարքագծի զոհը:
Ոստիկանության կողմից բազմաթիվ հարցաքննությունների արդյունքում որոշվել է գործը հանձնել դատարան, իսկ Dior նորաձեւության տան ղեկավարությունը, որտեղ հայտնի դիզայները 1996 թ-ից զբաղեցնում էր արտ-տնօրենի պաշտոնը, հայտարարել է նրանից բաժանվելու մասին:





























