Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր՝ մարտի 11-ին, տեղի ունեցած նիստի ժամանակ մերժեց Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի հանդեպ հետախուզում հայտարարելու դեմ ուղղված նրա պաշտպանի բողոքը։
Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը կբողոքարկի ՀՀ Վերաքննիչ դատարանում:
Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանում վիճարկում էր Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության 2018թ. հոկտեմբերի 30–ի որոշումը։
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց, որը սակայն փետրվարի 6–ին վերաքննիչ դատարանը բեկանեց և գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության։ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։
Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։
Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:





























