Վերջերս լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՈ-ի 2010թ. հաշվետվությունը` աշխարհում գիտության վիճակի վերաբերյալ, որում մանրակրկիտ ներկայացված են բոլոր երկրների գիտությունների վիճակագրական ցուցանիշները:
2000-2008թթ. գիտական հրապարակումների թվով (հաշվի են առնված միայն միջազգային ամենահեղինակավոր ամսագրերը) Հայաստանն աշխարհում գրավում է 70-րդ տեղը, իսկ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայում զիջում է միայն Իսրայելին: Ընդ որում՝ վերջին տարիներին Հայաստանն էլ ավելի է առաջ անցել հաջորդ տեղերում գտնվողներից:
2008թ. Հայաստանի գիտնականները հրապարակել են 544 գիտական հոդված։ Հայաստանին հաջորդում են Վրաստանը (328), Ուզբեկստանը (301), Ադրբեջանը (292), Ղազախստանը (218), Մոնղոլիան (115), Ղրղզստանը (54), Տաջիկստանը (45, եւ վերջին տեղում է Թուրքմենստանը (3): Ի դեպ, նախկին Խորհրդային Միության պետությունների մեջ Հայաստանը գերազանցում է նաեւ Լատվիային եւ Մոլդովային, սակայն զիջում է Ռուսաստանին, Ուկրաինային, Լիտվային, Բելառուսին եւ Էստոնիային:





























