Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել այսօր` մարտի 3-ին կառավարության շենքի առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ըստ այդմ. «Մարտի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում Կառավարության շենքի մերձակայքում են հավաքվել բացօթյա առեւտրի արգելքի դեմ բողոքող մի խումբ անձինք: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ նախ հավաքվածներին սադրեցին մոտենալ Կառավարության շենքին, ապա փորձեցին բախումներ հրահրել ոստիկանների հետ, որոնք օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում, պահպանում էին հասարակական կարգը:

Ըստ ամենայնի` պատգամավորների խնդիրը ակցիայի խաղաղ ընթացքը շեղելն էր, կրքերը շիկացնելը, բախում հրահրել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Դա, բարեբախտաբար, նրանց չհաջողվեց, եւ  հնչեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ ինչպես ոստիկանների, այնպես էլ Կառավարության անդամների հասցեին:

Ոստիկաններին հաջողվել է վերահաստատել հասարակական կարգը: Բողոքավորները հեռացել են Կառավարության շենքի մուտքից եւ շարունակել իրենց ակցիան, որին ոչ ոք չի խոչընդոտել»:

Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:

Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները սրսկել են նրան:Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ հանդիպում պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: