Սաուդյան Արաբիայի իշխանությունները սկսել են տասը իրավապաշտպան կանանց գործով դատական լսումները, որոնք կալանվել են 2018 թվականի մայիսին՝ հակապետական գործունեության մեղադրանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BBC-ին։

Դատավարությունն ընթանում է Էր Ռիադում, քրեական գործերի դատարանում։

ԶԼՄ-ներին եւ դիվանագետներին դատարանի դահլիճ մտնել չեն թույլատրել։ Բի Բի Սիի տվյալներով՝ ակտիվիստուհիներին ներկայացվող մեղադրանքների լրիվ ցուցակն անհայտ է։ Նրանց վերագրվող հանցագործությունների մեջ են աջակցությունը թագավորությունում թշնամական տարրերին, երկրի անվտանգության, կայունության եւ ազգային միասնության խափանմանն ուղղված կազմակերպված գործունեությունը։

Մեղադրյալների մեջ են թագավորությունում կանանց իրավունքների հայտնի պաշտպաններ Լոուջան Հաթլուլը, Խաթուն ալ Ֆասին, Ազիզա ալ Յուսեֆը, Էման ան Նաֆջանը։

Հաթլուլը 2014 թվականին մի քանի ամիս բանտարկվել է ավտոմեքենա վարելու համար։ Համարվում է, որ նրա արարքը մեկնակետ է հանդիսացել սաուդցի կանանց մեքենա վարելու իրավունք տրամադրելու բանավեճ սկսելու համար, ինչն իշխանություններն ի վերջո արեցին 2018-ին։

Ակտիվիստուհիների պաշտպանությամբ հանդես են եկել մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ կառույցներ եւ մոտ 30 երկիր, այդ թվում Կանադան։ Կանադական իշխանությունները 2018 թվականի աշնանը կոչ են արել բաց թողնել ամբաստանյալներին, բայց Էր Ռիադն ի պատասխան արտաքսել է այդ երկրի դեսպանին թագավորությունից եւ դադարեցրել առեւտրային համագործակցությունը։