Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարները հույս ունեն, որ ԵՄ-ը որոշում կընդունի հունիսին երկրների՝ Եվրամիությանն անդամակցության բանակցություններ սկսելու մասին, տեղեկացնում է AP-ը։

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւն իր ալբանացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ սպասում են, թե «ԵՄ-ը դրական դիրքորոշում կորդեգրի երկու երկրների հանդեպ, որպեսզի մենք հասնենք այդ ռազմավարական նպատակին»։

Անցած տարվա հունիսին Բրյուսելը որոշել էր, որ Ալբանիայի եւ վերջերս Հյուսիսային Մակեդոնիա վերանվանված Մակեդոնիայի անդամության մասին բանակցությունները կարող են սկսվել, եթե երկու երկրները շարունակեն բարեփոխումների իրականացումը։

Երկու երկրների վարչապետերը հայտարարել են, որ իրենց կառավարությունները կատարել են ԵՄ բոլոր հանձնարարականները, ներառյալ բարեփոխումները դատական եւ պետական կառավարման մարմիններում։