Գերմանիայի իշխանությունները կկրճատեն Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում իրենց դիվանագետների թիվը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռայներ  Բրոյլը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Բարդ պայմանների, անվտանգության հետ կապված իրավիճակի հետագա վատթարացման կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ-ն որոշում է ընդունել կրճատել Կարակասում դեսպանատան անձնակազմի թիվը», - ասել է նա՝ չմանրամասնելով, թե որքանով կկրճատվի աշխատակիցների թիվը:

«Կարակասում մնացող աշխատակիցները ըստ հնարավորության կշարունակեն օգնել Վենեսուելայում Գերմանիայի քաղաքացիներին», - հավելել է Բրոյլը:

Ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունները անցանկալի անձ էին հայտարարել Գերմանիայի դեսպան Դանիել Կրիներին՝  «երկրի ներքին գործերի միջամտության պատճառով»: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը այդ կապակցությամբ որոշում էր ընդունել Կրիներին հետ կանչել հայրենիք խորհրդակցությունների համար: Նա արդեն ժամանել է Գերմանիա: