Մարտի 13-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարար Ռեսուլ Ռեջեփովի (Resul Rejepow) հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-թուրքմենական հարաբերությունների՝ թեթև և տեքստիլ արդյունաբերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բամբակագործության և գորգագործության, հումքի և պատրաստի արտադրանքի առևտրի ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ է եղե; 2019թ. կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների կազմակերպական, ինչպես նաև՝ դրա օրակարգի տեքստիլ արդյունաբերությանը վերաբերող հարցերին:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման համատեքստում մոտ ապագայում երկու մայրաքաղաքներում առևտրի տների բացման և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման կարևորությունը:





























