«Հետք» էլեկտրոնային կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը դատի է տվել Ազգային ժողովի  պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Բսլասանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան  ներկայացված իր հայցադիմումում դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին իրենից ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել մեկ միլիոն դրամ (շուրջ 2.7 հազար դոլար): 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 2-ին, երբ «Հետք»-ի լրագրողը զանգահարել էր պատգամավորի բջջային հեռախոսին` հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով: Սակայն պատգամավորը նրան վիրավորել էր եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին: Լրագրողն անմիջապես հաղորդում էր ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին` եւ խնդրել միջոցներ ձեռնարկել Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Իր դիմումը լրագրողը հիմնավորել էր, նշելով, որ պատգամավորը ակնհայտորեն խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությունը (Քրեական օրենսգրքի 164-րդ հոդված):  «Հետք»-ը հաղորդմանը կցել էր նաեւ հեռախոսով լրագրողի հարցին ի պատասխան Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքների ձայնագրությունը: «Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել եւ նշել, որ Ռուբեն Հայրապետյանի արարքում հանցակազմ չկա եւ «առաջարկել» էր դիմել դատարան: Մենք ի սկզբանե որոշել էինք դիմել դատարան, սակայն սպասեցինք, մինչեւ քննչական ծառայությունից ունեցանք որոշումը: Եւ դրանից հետո դիմեցինք դատարան, քանի որ ակնհայտ է, որ պատգամավորը վիրավորել է իմ արժանապատվությունը»,-նշեց Բալասանյանը` հավելելով. «Քանի որ վիրավորանքի եւ զրպարտանքի հոդվածներից մինչեւ այժմ օգտվում են պաշտոնյաներն ու պատգամավորները, ես էլ որոշեցի որպես լրագրող օգտվել, քանի որ պատգամավորն ինձ սեռական բնույթի հայհոյանք էր տվել»:

Լրագրողն առաջարկում է, որ իրենց իրավունքները դատարանում պաշտպանեն ոչ միայն պատգամավորների կողմից տուժած լրագրողները, այլ ցանկացած անձ, ում իրավունքները  կխախտվեն:     

Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի հարուցումը մերժելու մասին իր պատասխանում նաեւ մեջբերել է Ռուբեն Հայրապետյանի բացատրությունը: Չժխտելով կատարվածը` պատգամավորը ասել է, որ այդ օրն անտրամադիր է եղել, առողջական խնդիրներ է ունեցել, լրագրողին ուղղորդել է, որ հետաքրքրող հարցերով դիմի իր մամուլի քարտուղարին, ու անջատել է հեռախոսը: Հետո նույն լրագրողը նորից է զանգահարել, որից վրդովված` նրան անպատիվ խոսքեր է ասել: Ռուբեն Հայրապետյանը միաժամանակ նշել է, որ նպատակ չի ունեցել ու չի խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը: