«Իշխանությունը ոչ միայն կորցնում է սառնասրտությունը, այլեւ ամենափոքր առիթներով մատնում իր խուճապը»,- ասված է Հայ ազգային կոնգրեսի այսօր՝ մարտի 3-ին տարածած հայտարարության մեջ, որտեղ անդրադառնում է այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ ՀՀ քաղաքացիների եւ «Ժառանգության» պատգամավորների դեմ ոստիկանների կիրառած բռնությանը:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է.

«Մարտի 3-ին կառավարության շենքի առջեւ իրենց իրավունքների համար խաղաղ ցույցի դուրս եկած ընդամենը մոտ երկու տասնյակ առեւտրականների վրա են հարձակվել եռակի ավելի թվով ոստիկաններ։ Նմանատիպ բռնություններ կիրառվել են նաեւ ԱԺ առջեւ բողոքող քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք է տարվել Վարդգես Գասպարին։

Ընդ որում՝ Սահմանադրության եւ օրենքի կոպիտ այդ ոտնահարումը կատարել են բարձրաստիճան ոստիկանների ղեկավարությամբ՝ արհամարհելով նաեւ Ազգային ժողովի «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ, պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի ներկայությունը։ Ավելին՝ վերջիններս էլ են դարձել նրանց հարձակման եւ ուժի գործադրման թիրախ։

Հայ Ազգային Կոնգրեսն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում իրենց իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին եւ այդ պայքարը սատարող պատգամավորներին: Կոնգրեսը դատապարտում է իշխանության անզորությունից բխող հերթական այս վայրագությունը եւ հայտարարում, որ բոլոր օրինախախտները, սկսած կատարողներից եւ վերջացրած հրաման տվողներով, պատասխան են տալու օրենքի առաջ: Ոստիկանն իրավունք չունի ձեռք բարձրացնել ոչ մի քաղաքացու վրա: Բայց երբ ոստիկանը ձեռք է բարձրացնում ԱԺ պատգամավորի վրա, սա արդեն ավազակապետության նոր մի որակի դրսեւորում է, պետական իշխանության խայտառակություն կամ չգոյության ապացույց: Իշխանությունը նման վարքագծով պետությունը վերածում է խուժանապետության: Եթե Ազգային Ժողովը համարժեք գնահատական չտա կատարվածին եւ միջոցներ չձեռնարկի, որ բոլոր մեղավոր ոստիկանները պատժվեն, ուրեմն ընդունում է, որ ինքն ամբողջ կազմով արժանի է նման վերաբերմունքի»: