Քարիմա Մաղրուգը, ով ավելի հայտնի է Ռուբի անունով, եւ հայտնի է դարձել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի շուրջ սեքսուալ սկանդալի պատճառով, հայտնվել է Վիեննայի պարահանդեսում ավստրիացի միլիոնատեր Ռիխարդ Լուգների ուղեկցությամբ:
78-ամյա շինարարական մագնատը հայտնի է նրանով, որ յուրաքանչյուր տարի պարահանդեսին հրավիրում է հայտնի մի անձնավորության: Նրա հյուրերն են եղել Սոֆի Լորենը, Պամելա Անդերսոնը, Փերիս Հիլթոնը, Լինդսի Լոհանը եւ ստրիփ-պարուհի Դիտա ֆոն Թիզը: Չար լեզուներն ասում են, որ նա լուրջ գումարներ է վճարել իր ուղեկցուհիներին:
Այս անգամ մարոկկացի պարուհու ընտրությունը հարուցել է միջոցառման կազմակերպիչների զայրույթը:
Պարահանդեսի կազմակերպիչ Դեզիրի Տրայխլ-Շտուրգհը հայտարարել է, թե սա ամենաամոթալի քայլն է, որ երբեւէ արել է Լուգները:
Նշենք, որ ապրիլին Իտալիայում սկսվելու է դատավարությունը Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ: Նրան մեղադրում են անչափահասի (Ռուբիի) հետ սեռական կապի եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:





























