«Առավոտ» օրաթերթն իր  խմբագրականում, անդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանություններին ներկայացված վերջնագրային պահանջներին, գրում է. «Դրանցից երկուսը իսկապես պոպուլիստական են. օրինակ, մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ մեկ միլիոն դոլար կամ նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար։ Հավանաբար ընդդիմության վրա դեռ երկար ժամանակ է թեւածելու Արշակ Սադոյանի ոգին։ Բայց մնացածը, ինձ թվում է, միանգամայն տեղավորվում են բանականության շրջանակներում։ Ասենք, սահմանել գյուղմթերքների սուբսիդիաներ կամ մեղմացնել գյուղացիներին տրվող վարկերի նորմատիվները։ Ինչո՞ւ դա չի կարելի քննարկել։ Թե՞ իշխանությունը կարծում է, որ գյուղատնտեսությունն էլ է փայլուն վիճակում ու Հայաստանի գյուղերը ծաղկում են։

Կա, իհարկե, մեկ այլ վարկած։ Կառավարությունը կարծում է, որ ծառերը, թփերը եւ դաշտերը ծաղկելու են ոչ թե պարարտանյութերի, թունաքիմիկատների եւ վառելանյութի, այլ հոգեւորականների աղոթքների շնորհիվ, եւ այդ ուղղությամբ գյուղնախարարությունն իսկապես քայլեր է ձեռնարկել։ Ինչպես ասում են, առաջն Աստված»։