Հայաստանի գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը մերժել է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի բողոքը, որով նրանք պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Խ. Սուքիասյանի փաստաբաններից, հատկանշականն այն է, որ 2011 թվականի փետրվարի 14-ի բողոքի մերժման որոշումը դատախազության կողմից թվագրված է 27 օգոստոսի 2008թ:
«Դատախազի որոշումը համարում ենք անօրինական ու անհիմն եւ օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու ենք դատարանում:
Որոշումը կրում է վերացական բնույթ, չկա փաստացի պատճառաբանական մաս, որում նշված լիներ քրեական գործով ձեռք բերված որեւէ ապացույց:
Ամսաթվի անճշտությունը վկայում է այն մասին, որ դատախազությունը ակնհայտորեն մակերեսորեն է վերաբերվել մեր բողոքին և արտագրել է մի ստանդարտ որոշում ուղղակի պատասխան տված լինելու համար»,- նշել են փաստաբանները:
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Խաչատուր Սուքիասյանը պաշտպանել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որի հետեւանքով, մարտիմեկյան դեպքերից հետո նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, որից հետո ներկայացել էր իրավապահներին: Դատարանը Խ. Սուքիասյանի նկատմամբ չէր կիրառել կալանքը որպես խափանման միջոց:
Դրանից մի քանի օր անց Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից, իսկ սեպտեմբերի վերջին մեկնել Հայաստանից` դա պատճառաբանելով առողջական խնդիրներով: Այս ընթացքում Խ. Սուքիասյանից տարբեր ճնշումների միջոցով վերցրեցին «Բջնի» հանքային ջրերի գործարանը:
Շաբաթներ առաջ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Խ. Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ «ապացույցների անբավարարության» հիմքով, այնինչ նրա փաստաբան Արա Զաքարյանի խոսքով, գործը պետք է կարճվեր ոչ թե ապացույցների անբավարարության, այլ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:





























