Առնվազն 7 կին է սպանվել Կոտ դ´Իվուարում, երբ իրավապահները կրակ են բացել ցուցարարների վրա: Բողոքի ակցիաներն ընթանում էին երկրի տնտեսական մայրաքաղաք Աբիջանի հյուսիսային արվարձանում, որտեղ բնակվում են հիմնականում ընդդիմության եւ միջազգային հանրության կողմից որպես նախագահ ճանաչված Ալասսանա Ուատտարայի կողմնակիցներ: Դեպքի վայրից հայտնում են, որ ցույցի էին ելել մի քանի հարյուր կանայք «Ալասանան-նախագահ» եւ «Գբագբո-հեռացիր» կարգախոսներով:
«Դա խաղաղ երթ էր: Բայց մի պահ հայտնվեցին Գբագբոյի տանկերը, որոնք մոտեցան եւ կրակ բացեցին: Առնվազն յոթ մարդ մահացել է: Մենք պաշտպանվելու ոչինչ չունեինք, բայց արդեն ռումբեր էնք պատրաստել, ինչով կարող էինք, եւ հաջորդ անգամ կդիմադրենք Գբագբոյի խամաճիկներին»,- ասել են ականատեսները:
Ընդդիմության եւ Լորան Գբագբոյի կառավարամետ ուժերի դիմակայությունը վերջին օրերին սրվել է: Չնայած միջազգային հանրության ճնշմանը եւ միջնորդական ջանքերին, ինքնակոչ նախագահ Լորան Գբագբոն մտադիր չէ լքել Կոտ դ՜Իվուարի նախագահի աթոռը: Անցած շաբաթ բախումների ընթացքում մոտ 50 մարդ է զոհվել:





























