Հայաստանում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքում փոփոխություններն են քննարկվել այսօր՝ մարտի 4-ին կառավարությունում տեղի ունեցած տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստի ժամանակ: Նիստը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում նախագծի վերաբերյալ հնչած առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբին։
Օրակարգի երկրորդ հարցով հավանություն է տրվել ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունում ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանությանը, որով հնարավորություն կտրվի վերանայել, վերլուծել ու դասակարգել վերահսկման օբյեկտները, ձեւավորել տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների եւ տնտեսվարող սուբյեկտների, ներդնել ստուգումների նպատակադրման առավել արդյունավետ մեխանիզմներ:
Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, ներկայացվել է նաեւ Պետական հրդեհային տեսչությունում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Մասնավորապես, զեկուցվել է 2010թ. հուլիս-2011թ. փետրվար ամիսներն ընդգրկող ժամանակաշրջանում տեսչական բարեփոխումների շրջանակում իրականացված գործողությունների եւ արդյունքների մասին։
Նիստում քննարկվել է նաեւ «Քաղաքաշինական գործունեության հսկողության եւ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:




























