ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է սրտի նոպա ունենալու պատճառով: Այս մասին հայտնում է USA Today պարբերականը՝ վկայակոչելով նրա կենսագրական «Նախամայր. Բարբարա Բուշը եւ ամերիկյան դինաստիայի ստեղծումը» գիրքը:

Հեղինակի պարզաբանմամբ՝ իրականում դա ոչ թե սրտի նոպա էր, այլ երկարատեւ պայքար սրտային անբավարարության եւ թոքերի քրոնիկական հիվանդության դեմ, որոնցով նա միաժամանակ սկսեց տառապել 2016 թվականին: Այդ ժամանակ նրան անչափ զայրացնում էր որդուն՝ Ջեբ Բուշին ուղղված Թրամփի ծաղրը: ԱՄՆ նախագահը, մասնավորապես, Բուշին ծաղրում էր 2016 թվականի նախընտրական արշավում մոր կերպարն օգտագործելու համար: Այդ ժամանակ ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի որդին ձգտում էր հասնել Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրմանը եւ Թրամփի մրցակիցն էր:

Գրքի հեղինակը նշում է, որ Բուշ կրտսերը փորձել է մորը շեղել այդ մտքերից եւ խնդրել է կենտրոնանալ իր առողջության վրա: Բարբարա Բուշը, որը Հանրապետական կուսակցությունում ամենահայտնի անձանցից մեկն էր, 2018 թվականի փետրվարին այն հարցին՝ իրեն արդյոք համարո՞ւմ է հանրապետական, կասկածել է եւ պատասխանել. «Ես, հավանաբար, այսօր կասեմ՝ «ոչ»: Չնայած դեռեւս 2017 թվականի հոլտեմբերին նախկին առաջին տիկինը այս հարցին դրական էր պատասխանել, նշված է նյութում:

«Սա զարմանալի խոստովանություն էր»,- նշում է գրքի հեղինակը:

Թրամփի վերելքից հետո նա սկսել է ավելի շատ կասկածել Հանրապետական կուսակցությանը եւ չի կարողացել նրանց ակտիվորեն աջակցել, հայտնում է պարբերականը:

Գիրքը գրել է USA Today-ի վաշինգտոնյան բյուրոյի ղեկավար Սյուզան Փեյջը, այն հասանելի կլինի ապրիլի սկզբին: Գրքի հեղինակին հաջողվել է Բարբարա Բուշի հետ շփվել կյանքի վերջին 6 ամիսներին, նա հասանելիություն է ստացել նաեւ նրա անձնական օրագրերին: