Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրինագիծը արդեն մշակման վերջնական փուլում է, մոտակա ժամանակներս կուղարկվի Ազգային ժողով։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Դիտարկմանը, թե ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ օրենքի նախագիծն ուշանում է, նա պատասխանեց. «Երբ ընդդիմությունն ասում է՝ ուշանում է «Կառավարության կառուցվածքային փոփոխությունների» փաթեթը, պետք է հասկանալ, թե ինչից ենք ուշանում։ Իմ խորին համոզմամբ՝ նմանատիպ խորքային որոշումները կարիք ունեն բավականին լայն շերտերի ընդգրկվածության եւ քննարկումների լայն շրջանակի, եւ հետեւապես բոլոր գործընթացների վերլուծությունները պետք է լինի ժամանակատար, բնական պրոցես է։ Մենք հապշտապ որոշումներ չենք կայացնում, օրենքի նախագծերը շուտ չենք բերում»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է կառավարության կառուցվածքի փոփոխությունների սեփական տարբերակը, դա ընդունելի՞ է կառավարության համար, ինչին Ավինյանը պատասխանեց. «Կառավարության կողմից առաջարկվող փաթեթը ԱԺ հանձնաժողովում եւ նիստում քննարկվելու է, «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները կունենան բոլոր հնարավորությունները իրենց առաջարկները ներկայացնելու»։
Հարցին՝ տրամադրվա՞ծ են, որ փաթեթը ընդունվի իրենց ներկայացրած տարբերակով, թե՞ պատրաստ կլինեն նաեւ փոխել այն, որին նա պատասխանեց. «Մենք նման դոգմատիկ կառավարության եւ աքսիոմատիկ սկզբունքներով առաջնորդվող կառավարության տպավորություն, հուսով ենք, չենք թողնում։ Մենք բաց ենք բոլոր քննարկումների եւ տրամաբանական առաջարկների համար»։
Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության՝ նախարարություններ դառնալու մասով նա ասաց, որ համոզված չէ, թե նախարարության տեսքով Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն կարող են արդյունավետ գործել։ «Նախարարություն նշանակում է քաղաքականության մշակում, այսինքն՝ այդ ոլորտում քաղաքականության մշակմամբ նույնպես պետք է զբաղվեն այդ նախարարություննե՞րը, թե՞ մենք ուզում ենք ԱԺ-ում իրենց վերահսկողության հարցը լուծել։
Օրինակ՝ ԱԱԾ տնօրենն աննախադեպ մասնակցություն է ունեցել ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստին, որը մեր պատմության վերջին 10 տարիների ընթացքում, չգիտեմ, նման բա տեղի է ունեցել, թե՝ ոչ։ Այսինքն՝ փաստացի ԱԺ-ն լծակներ ունի վերահսկելու այդ մարմիններին»։
Ավինյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե այս կառույցների ղեկավարները փոխվում են քաղաքական ղեկավարության հետ. «ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը քաղաքական պաշտոնյաներ չեն, նրանք մարդիկ են, որոնք այդ համակարգի աշխատակիցներն են»,–նշեց նա։
Նշենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ որոշ նախարարություններ կրճատվելու են, իսկ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը մնալու են որպես առանձին մարմիններ, վարչապետին ենթակա գործելու է նաեւ Սփյուռքի հարցերով հանձնակատար: Իսկ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ունենալ 14 նախարարություն, այդ թվում՝ Ազգային անվտանգության, իսկ ԱԻՆ-ը եւ Ոստիկանությունը միավորել՝ ստեղծելով ՀՀ ներքին գործերի նախարարություն: ԼՀԿ-ն առաջարկում է նաեւ պահպանել երեք փոխվարչապետերի հաստիքները՝ նրանցից մեկին վերապահելով Սփյուռքի եւ հայրենադարձության հարցերով զբաղվելու գործառույթը:





























