Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն մտադիր է ընդլայնել իր ստեղծագործական գործունեության աշխարհագրությունը արաբական երկրների ուղղությամբ: Այս մասին նա ասել է այսօր՝ մարտի 5-ին Երեւանում կայացած ասուլիսում:

Թեեւ վերջին 4 տարիներին Ռուսսոն հաներգներ չի տվել ԱՊՀ տարածքում, նա անգործության մատնված չի եղել եւ ԱՄՆ-ում պատրաստել է երկու ալբոմ քրիստոնեական մոտիվներով: Արդեն մոտ օրերս Ռուսսոն լուրջ բանակցություններ կանցկացնի առաջատար ռուսական պրոդյուսերական ընկերությունների հետ, որոնք կզբաղվեն իր հետագա ստեղծագործական քայլերով: Երգչի պնդմամբ, նա արդեն 2 տարի հետո կվերագտնի այն ամենը, ինչ կորցրել է վերջին 4 տարում:

Ներկայումս Ռուսսոյի երգացանկի 60 տոկոսը հին երգեր են, 40 տոկոսը՝ նոր: Նա տեղեկացրել է, որ բառացիորեն Նոր Տարվա նախօրեին արժանացել է Չեչնիայի ժողովրդական արտիստ կոչմանը: «Ես նաեւ Հարավային Օսեթիայի վաստակավոր արտիստ եմ, իսկ ահա հայերն ինձ կոչում չեն տալիս»,- կատակել է երգիչը, նաեւ խոստովանելով, որ շատ լավ հասկանում է քաղաքականություն, ծանոթ է շատ երկրների ղեկավարներին, սակայն նախընտրում է քաղաքականություն չմտնել:

Երգիչը հատուկ հպարտությամբ պատմել է իր բարեգործական գործունեության մասին, ընդգծելով, որ դրանում ներգրավել է նաեւ իր շատ ծանոթների:

Անդրադառնալով շոու-բիզնեսին, Ռուսսոն նշել է, որ ռուս փոփ-աստղերի մեծ մասը հայտնի են միայն ԱՊՀ տարածքում, իսկ «աշխարհում նրանց չգիտեն»: Նա նաեւ տեղեկացրել է, որ ընկերություն է անում Ալլա Պուգաչովայի հետ, ծանոթ է Ֆիլիպ Կիրկորովին: «Կիրկորովը Բուլղարիայի հայ է: Նա ինձ հետ հանդիպման ժամանակ խոստովանել է դա եւ ասել, որ մենք՝ հայերս քիչ ենք եւ պետք է պահենք միմյանց»,- ասել է Ռուսսոն: