Երեւանում, մարտի 30-ին, ժամը 23։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, որն, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ այդ տղամարդն Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 33-ամյա Կարեն Ա.-ն է, ով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է եղել։

Աղբյուրի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին, ժամը 06։00-ի սահմաններում Կ. Ավետիսյանը «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 30-ին, ժամը 22։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 42-ամյա Գարեգին Գ.-ի կողմից վարձակալական հիմունքներով բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Ավետիսյանի, Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Վազգեն Գ.-ի եւ ոմն Արսենի միջեւ։

Այդ վիճաբանության ժամանակ նշված անձինք բազմաթիվ հարվածներ են հասցրել Կարեն Ավետիսյանին, ով ստացել է մարմնական վնասվածքներ, այնուհետեւ ծեծված ու անօգնական վիճակում գտնվող Կ. Ավետիսյանին անգիտակից վիճակում տեղափոխել են Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոցի 28 հասցեի մոտ, թողել այնտեղ եւ հեռացել։

Ոստիկանները Չկալովի փողոցի 43 տան մոտ հայտնաբերել են Վ. Գեւորգյանին եւ տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ՝ քննչական բաժին, որտեղ էլ Վ. Գեւորգյանը որպես կասկածյալ՝ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ՝ ոմն Արսենի անձը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։