Հայաստանում կանանց տոների հետ կապված ավելացել է բջջային հեռախոսների նկատմամբ պահանջարկը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասացին բջջային հեռախոսներ վաճառող խանութների աշխատակիցները։
Sony Ericsson խանութ-սրահի մենեջեր Արթուր Բադալյանի խոսքով՝ տոնական օրերին բջջայինների վաճառքներն ավելանում են՝ տղամարդիկ գնում են հիմնականում ոչ շատ թանկ ու գունավոր հեռախոսներ, հավանաբար՝ կանանց ու աղջիկներին նվիրելու համար։
Askat mobile խանութ սրահի վաճառող- խորհրդատու Լիլիթ Ավանեսյանի խոսքով՝ տոներին վաճառքներն այնքան էլ շատ չեն։ Այնուամենայնիվ, հիմնականում այս օրերին բջջային հեռախոսներ գնում են տղամարդիկ՝ 40-70 հազ. դրամի սահմաններում։
Samsung խանութ-սրահի վաճառող- խորհրդատու Լիլիթ Գրիգորյանն ասաց, որ տոնական օրերին հեռախոսների վաճառքների հարաբերական աճ է նկատվում։ «Տղամարդիկ այդ օրերին նախապատվությունը տալիս են նարնջագույնին կամ վարդագույնին»,- նշեց Լ. Գրիգորյանը։
Nokia խանութ-սրահի վաճառող Ալեքսեյ Հովհաննիսյանի համոզմամբ՝ հայ տղամարդիկ ավելի շատ ծաղիկ են նախընտրում նվիրել։ Նրա խոսքով՝ երեկվա դրությամբ վաճառքների աճ չի նկատվել։ «Իսկ ինչ վերաբերում է գունավոր հեռախոսներին, ապա հայերի մենթալիտետը այնպիսին է, որ գնում են ավելի շատ սեւ, սպիտակ եւ մոխրագույն հեռախոսներ»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։
ipհone.am խանութ-սրահի վաճառքի մենեջեր Արամ Թադեւոսյանի խոսքով՝ տոների հետ կապված ավելացել է ոչ թե բջջայինների վաճառքը, այլ սպիտակ netbook-երի վաճառքը, որոնք սկսում են 160 հազար դրամից։ Իսկ բջջայինների վաճառքի ավելացում առանձնապես չեն նկատել։




























