Սկանդինավյան գիտնականները նորվեգական Տրոմսում գտնվող ռադարի օգնությամբ հայտնաբերել են մարտի 27-ին Հնդկաստանի կողմից ոչնչացված սեփական ռազմական արբանյակից առաջացած բեկորների ամպ, հաղորդում է radio-science.net-ը:
Հնդկական արբանյակի բեկորների դիտարկման փորձն անցկացվել է Տրոմսի համալսարանի, Շվեդիայի տիեզերական ֆիզիկայի եւ շվեդական EISCAT գիտական ասոցիացիայի գիտնականների կողմից ուլտրա կարճ ալիքային ռադարի միջոցով:
Մասնագետները նշել են, որ դիտարկվող բեկորների ամպը հասնում է 1.5 հազար կմ բարձրության:
Անցյալ շաբաթ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հաղորդել էր, որ իր երկիրը հաջողությամբ փորձարկել է սեփական մշակման հակաարբանյակային զենք՝ արբանյակը խոցելով ցածր մերձերկրային ուղեծրում: Վարչապետն այս իրադարձությունը պատմական է անվանել: Նրա խոսքով՝ մինչ այդ միայն երեք երկրներ՝ ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Ռուսաստանը հասել են նման ձեռքբերումների:
Մեկնաբանելով նախորդ փորձարկումները NASA ղեկավար Ջիմ Բրայդենստայնն ասել է, որ դրանք հանգեցրել են տիեզերական աղբի 400 օբյեկտների առաջացման, իսկ բեկորների հետ միջազգային տիեզերակայանի բախման վտանգը ավելացել է ավելի քան 40 տոկոսով:



























