Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 4-ին, ժամը 22:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շահվերդյան փողոցից դեպի շուկա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Է.Պ., ծնված 1981 թ.), «Kia Forte» մակնիշի (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1992 թ.) եւ «Mercedes E124» մակնիշի (վարորդ՝ Վ.Խ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից. վերջինիս փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Է.Պ.-ն եւ Վ.Ա.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:



























