Եվրոպական տարածաշրջանում գրիպի եւ սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված չէ, այն չափավոր լարվածության է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի շուրջ 27 երկիր հաղորդել է գրիպի եւ սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառության մասին: Կան երկրներ, որտեղ առանձին վարչական միավորներում են զգալի թվով դեպքեր արձանագրվում, իսկ երկրում ընդհանուր իրավիճակը լարված չէ: Ռուսաստանի Դաշնությունում եւ Վրաստանում եւս գրիպի ինտենսիվությունը բարձր է:
Սուր շնչառական վարակների բարձր ինտենսիվություն է արձանագրվել Շվեդիայում, Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Հունաստանում, Վրաստանում, Խորվաթիայում, Ալբանիայում:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակին, ապա պետք է նշել, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է` հիմք ընդունելով օրական մոնիտորինգի տվյալները, որն իրականացվում է 2010 թվականի հոկտեմբերից:
Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դպրոցներում եւ նախադպրոցական կազմակերպություններում շարունակվում է դեռեւս 2010 թվականի հոկտեմբերից սկսված հիվանդացության մոնիտորինգը, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում եւ իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Նշված կազմակերպություններում սուր շնչառական վարակներով բացակայությունները ցածր են:
Գրիպով կամ սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է`
• խուսափեք հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք, ապա մնացեք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին, մի զբաղվեք ինքնաբուժմամբ,
• հագնվեք եղանակին համապատասխան,
• պահպանեք հազի եւ/կամ փռշտալու վարվելակարգը,
• օգտագործեք հնարավորինս շատ հեղուկ,
• հաճախակի օդափոխեք փակ տարածքները:




























