Հնդկական Չենաի քաղաքում, Թամիլնադ նահանգ, մահացել է կուբայական կոկորդիլոս: Կենդանաբանական այգու հիմնադիրը համարում է,որ կենդանուն սպանել է բարձր երաժշտությունը, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով India Today պարբերականին:
Սողունը բնակվում էր Madras Crocodile Bank Trust կենդանաբանական այգում Չենաիից 43 կմ հեռավորության վրա: Կուբայական կոկորդիլոսների վանդակը տեղակայված էր Sheraton Grand Chennai Resort & Spa հյուրանոցից 15 մ հեռավորության վրա: Ամեն երեկո կենդանաբանական այգու պատերից այն կողմ հնչում էր հյուրերի բարձր երաժշտությունը: Այդօրինակ երեկույթներից մեկից հետո կուբայական 12-ամյա կոկորդիլոսին հայտնաբերել են մահացած:
«Ես որեւէ կասկած անգամ չունեմ, որ կենդանին մահացել է վիբրացիայի արդյունքում առաջացած սթրեսի հետեւանքով»,-հայտարարել է կենդանաբանական այգու հիմնադիրներից մեկը, ամերիկացի հայտնի հերպետոլոգ Ռոմուլուս Էրլ Ուայթեքերը: Նրա խոսքերով՝ այդպիսի նախատիպեր եղել են: Այլ բացատրություն չկա. սողունն առողջ էր եւ լավ էր սնվում:
Փետրվարին Ուայթեքերն արդեն բողոքել էր հյուրանոցից հնչող երաժշտության դեմ: Նա պնդում էր, որ դրա բարձրությունը գերազանցում էր օրենքով սահմանված չափը: Հատկապես մտահոգիչ էին հզոր բարձրախոսները, որոնք տեղադրված էին վանդակի մոտակայքում:
Ուայթեքերը պատմել է The New Indian Express թերթին, որ հյուրանոցի բացումից հետո կոկորդիլոսների վարքը փոխվել էր: Կենդանիներն անհանգիստ էին դարձել եւ հաճախ էին կռվում, ինչը հանգեցնում էր տրավմաների: Բացի այդ, աղմուկի հետեւանքով կենդանաբանական այգում թռչուն չէր մնացել: Նախկինում այդտեղ ամեն տարի գալիս էին հազարավոր սպիտակ ձկնկուլներ:
Կուբայական կոկորդիլոսի մահից հետո հյուրանոցի ղեկավարությունը հանդիպել էր Ուայթեքերի հետ եւ խոստացել քայլեր ձեռնարկել վտանգը կանխելու ուղղությամբ:
Կուբայական կոկորդիլոսները հանդիպում են Կուբայի միայն մի քանի կղզիներում: Դրանք տարբերվում են մյուս կոկորդիլոսներից երանգավորմամբ եւ երկար մկանոտ ոտքերով: Որպես կանոն, այդ տեսակի ներկայացուցիչները հասնում են մինչեւ 2.3 մ եւ կշռում շուրջ 40 կգ: Տարբեր տվյալներով՝ աշխարհում մնացել են 3-6 հազար կուբայական կոկորդիլոսներ:



























