Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին Կանանց տոնի կապակցությամբ:

Կնոջ դերը թե՛ մեր ընտանիքներում, թե՛ հասարակության մեջ միշտ էլ բացառիկ է եղել: Հայաստանի առաջին Հանրապետությունն աշխարհի այն փոքրաթիվ պետություններից էր, որտեղ կանանց շնորհվել էր ընտրելու եւ ընտրվելու իրավունք: Ուրախալի է, որ այսօր էլ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ստանձնել են յուրահատուկ դերակատարում: Կանանց մասնակցությունը հարստացնում է հասարակական կյանքն ու ամրապնդում մեր արժեքները, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ:

Սիրելի՛ կանայք,

Դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ:

Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: Թո՛ղ ձեր ընտանիքներում եւ ձեր սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը»: