ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է դատարան`պահանջով, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներողություն խնդրի իրենից։ Տիգրան Առաքելյանի բողոքը կապված է ՀՀ ոստիկանապետի` 2009թ. օգոստոսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը, թե Տիգրան Առաքելյանն «առաջին անգամ չէ, որ ձեռք է բարձրացնում ոստիկանների վրա եւ նա պետք է ձերբակալվեր»: Ոստիկանապետը խորհուրդ էր տվել Առաքելյանի հետ կապված մնացած հարցերն ուղղել դատարանին:
«Ոստիկանապետն իմ նկատմամբ անմեղության կանխավարկածը խախտել եւ ինձ հանցագործ է համարել: Դատարանով ես արդարացվել եմ, ես հանցագործ չեմ համարվում, եւ հիմա ես դիմել եմ դատարան: «Հարգարժան ոստիկանապետը» շտապել է իր հայտարարությունն անելով, եւ դա իրեն չի արդարացնում: Եվ այժմ նա նույն լրատվամիջոցների ներկայությամբ պետք է ինձանից ներողություն խնդրի, ինչը նաեւ օրենքի պահանջ է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առաքելյանը:
Նա իր հայցում նաեւ փոխհատուցում է պահանջել կառավարությունից` իր կրած բարոյական եւ նյութական վնասների համար: Ի դեպ, հայցում կա կետ, որով ՀԱԿ ակտիվիստը պահանջում է, որ իրենից ներողություն խնդրի նաեւ նախաքննական մարմինը` իր դեմ հանիրավի քրեական հետապնդում իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հուլիսի 5-ին Տիգրան Առաքելյանը որպես վկա կանչվել էր ոստիկանություն` հարցաքննվելու 2009թ. հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ինչից հետո ձերբակալվել էր եւ կալանավորվել: Նա շուրջ 9 ամիս քրեական հետապնդման ենթարկվելուց հետո` 2010թ. ապրիլին արդարացվեց հանցակազմի բացակայության պատճառով: Առաքելյանն ասաց, որ որոշել է հիմա դիմել դատարան, քանի որ այժմ իր ձեռքի տակ կա իր անմեղությունն ապացուցող դատարանի որոշումը: Նա նաեւ հավելեց, որ եթե Ալիկ Սարսգսյանը ներողություն չխնդրի, դա սխալ կլինի բարոյականության տեսանկյունից: «Անբարոյականություն է, եթե դու մարդուն վիրավորում ու հանիրավի մեղադրում ես եւ ներողություն չես խնդրում»,- նկատեց Առաքելյանը:





























