«Անկախ ամեն ինչից՝ հանձնաժողովը որոշակի աշխատանք արեց, բայց այն բավարար համարել չի կարելի»,- սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺՄ-ական Արտավազդ Վարդանյանը։

Նշելով, որ հանձնաժողովի առաջին խնդիրը պետք է լիներ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտումը եւ մեղավորներին գտնելը, Արտավազդ Վարդանյանը հայտարարեց, որ իշխանություններն, իրականում, չեն էլ փորձել անել դա, հակառակը՝ ամեն կերպ աշխատել եւ աշխատում են թաքցնել իրականությունը։

Հարցին, թե ինչո՞ւ է միայն այժմ բարձրաձայնում այդ մասին՝ ԱԺՄ ներկայացուցիչը հստակեցրեց, որ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ զրուցներում ինքը միշտ էլ անհամաձայնություն է հայտնել նախապատրաստվելիք զեկույցում առկա որոշ դրույթների առիթով։

Հանձնաժողովի հրապարակած զեկույցի տակ չստորագրելը Արտավազդ Վարդանյանը բացատրեց երկու հանգամանքով. նախ՝ դրա օրինակն իրեն ուշ են տրամադրել, իսկ զեկույցի բովանդակությանը ծանոթանալուց հետո ինքը պարզապես չի ցանկացել ստորագրել փաստաթղթի տակ, ինչով էլ իր դեմ է հանել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին։

Լրագրողների հարցին՝ վերջնականապես հեռացվա՞ծ է կուսակցության շարքերից, թե՞ ոչ, Արտավազդ Վարդանյանը պատասխանեց, որ իրեն մինչ օրս այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել, հետեւաբար ենթադրում է, որ ոչ։ Չցանկանալով մեկնաբանել այն դիտարկումը, թե Վազգեն Մանուկյանը, գուցե, ոմանց հաճոյանալու համա՞ր է ակնարկել իրեն կուսակցությունից հեռացնելու մասին, ԱԺՄ ներկայացուցիչը խորհուրդ տվեց այդ մասին հարցնել անձամբ նրանից։