2011թ. մարտի 8–ից մինչեւ ապրիլի 7–ը Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում անցկացվում է կանանց անվճար վիրահատական օգնության միամսյակ։ «Ձեզ համար, կանայք» խորագրով արդեն ավանդական դարձած այս ակցիայի շրջանակներում կենտրոն դիմած հիվանդները անվճար բժշկական օգնություն են ստանում գինեկոլոգիական եւ վիրաբուժական ծառայությունների ուղղությամբ` բաց եւ էնդոսկոպիկ եղանակներով:
Միամսյակի մեկնարկի առիթով հիվանդանոց են այցելել Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը եւ առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը։
«Միջոցառման շրջանակներում այս տարի ընդգրկված են նաեւ քաղաքապետարանի ենթակայության համաբուժարանները, ուր կարող են ներկայանալ մեր քաղաքացիները, հետազոտվել եւ, համապատասխան ուղեգրով արդեն ներկայանալ բժշկական կենտրոն՝ անվճար վիրահատության կամ բժշկական այլ միջամտության համար»,– միամսյակի մեկնարկի առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արմեն Ուլիխանյանը։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյան իր հերթին նշել է , որ ակցիայի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ 2010-ի միամսյակի շրջանակներում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր դիմել 315 հիվանդ։ Նրանցից գինեկոլոգիական խնդիրներով վիրահատվել է 113–ը. 60 կին վիրահատվել է վիրաբուժական տարբեր խնդիրներով, մնացած հիվանդները, դարձյալ անվճար հիմունքներով, ստացել են նեղ մասնագիտական խորհրդատվություն։
Անվճար վիրահատության ենթարկված կանանցից 120–ը եղել են Երեւանից, 53–ը՝ հանրապետության տարբեր մարզերից եւ Արցախից։ 2010թ.–ի բարեգործական ծրագրի արժեքը շուրջ 26 միլիոն դրամ է կազմել։





























