Ժնեւում, ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով Հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագգիան այսօր՝ մարտի 10-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 16-րդ նիստում զեկույց է ներկայացրել, որտեղ նա ներկայացրել է կին իրավապաշտպանների վերաբերյալ իրավիճակը:

Նա խոսել է նաեւ նրանց մասին, ովքեր աշխատում են կանանց իրավունքների եւ գենդերային խնդիրների շուրջ, բռնությունների մասին, որոնց նրանք ենթարկվում են եւ այլն:

Հիշեցնենք, որ հատուկ զեկուցողը 2010թ. հունիսի 12-18-ին այցելել էր Հայաստան, որի վերաբերյալ ներկայացրել է  առանձին զեկույց , որում նշել է  Հայաստանում իրավապաշտպանների առջեւ` իրենց օրինական  գործունեության ընթացքում, ներկայումս ծառացող մարտահրավերները:

Զեկույցում նշվել  է,  որ 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունները նպաստել են շատ քաղաքականացված  միջավայրի ձեւավորմանը, կանխելով իշխանությունների, Օմբուդսմենի եւ իրավապաշտպանների միջեւ կառուցողական համագործակցությունը: Այլ մարտահրավերները ներառում են սահմանափակումները միավորումներ ստեղծելու ազատության, հավաքների ազատության խոչընդոտները, խոսքի ազատության սահմանափակումները եւ անպատժելիությունը իրավապաշտպանների դեմ բռնությունների գործերում:

Զեկույցի ներկայացման ավարտին հետեւել է Հայաստանի ներկայացուցչի պատասխանը, համաձայն որի` Հայաստանը ողջունում է հատուկ զեկուցողի կողմից հրապարակված զեկույցը: Նա նաեւ նշել է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քննության են առնվել բոլոր դեպքերը եւ մեղավորները պատասխանատվության են ենթարկվել: Հայաստանի ներկայացուցիչը նշել է  նաեւ, որ հասարակական կազմակերպությունները մասնակցություն ունեն օրենսդրական փոփոխությունների մշակմանը, եւ որ, Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում հասարակական կազմակերպությունների դերը:

ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով Հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագգիայի կողմից զեկույցի ներկայացմանը մասնակցել են Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի  անդամները: Հայաստանից մասնակցել են ցանցի անդամներ «Իրավաբաններն ընդդեմ բռնության» հկ աշխատանքները համակարգող Արտակ Զեյնալյանը, «Շահխաթուն» հկ ղեկավար Մելիսսա Բրաունը եւ Ցանցի Հայաստանյան աշխատանքները համակարգող Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: