Երեւանի պետական համալսարանում մարտի 12-ին` ժամը 12:00-15:00-ին կանցկացվի կրկնակի դիպլոմներ շնորհող «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի բաց դռների օրը:

Աշխարհի ընդամենը 5 համալսարանների կողմից առաջարկված կրթական այս նախագիծը ուսանողներին հնարավորություն է տալիս սովորելու Երեւանում եւ Ռոստոկում ու հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալու ԵՊՀ-ի եւ Ռոստոկի համալսարանի դիպլոմներ: 2010 թ-ին մեկնարկած ծրագիրը ֆինանսավորվում է DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կողմից:

ԵՊՀ-ի եւ Ռոստոկի համալսարանի ներկայացուցիչներից բացի` միջոցառմանը ներկա կլինեն նաեւ միջազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների, Հայաստանում այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնտեսական աճի բաժնի տնօրեն Քոնան Պայսենը (Conan Peisen), Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆեր Բրյունիգը (Christoph Breunig), Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մշակութային կցորդ Մացեյ Ֆալկովսկին (Maciej Falkowski):