Միացյալ Նահանգները պետք է հպարտ լինեն, որ Վրաստանի նման գործընկեր ունեն: Այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկատվությամբ, Թրամփը Միխայիլ Սահակաշվիլու հետ համատեղ ասուլիսին վերջինիս համաշխարհային կուռք է անվանել եւ նշել, որ նա աննախադեպ աշխատանք է կատարում:
«Ինչ վերաբերում է Միխայիլ Սահակաշվիլիին, ապա դուք իսկապես ամբողջ Եվրոպայում եւ աշխարհում կուռք եք համարվում: ԱՄՆ-ը պետք է ուրախ լինի, ձեր նման գործընկեր ունենալու համար: Հինգ տարվա ընթացքում դուք համար առաջին վերափոխումներ կատարողն եք, ինչպես նաեւ կենտրոնական Եվրոպայում Վրաստանը առաջին պետությունն է համարվում բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ապահովելու տեսանկյունից, այս ամենը համաշխարհային բանկի տվյալներն է»,-հայտարարել է Թրամփը` ավելացնելով. «Սահակաշվիլին 7 տարի է` ինչ նախագահ է: Մեկ տարի առաջ, մինչ մենք կընկերանայինք, նրա մասին միայն այն էի կարդում, որ այս մարդը շշմեցուցիչ գործեր է կատարել եւ նրա մտքի ուժը պետք է օգտագործի նաեւ ԱՄՆ-ը»:
Հիշեցնենք նաեւ, որ Միխայիլ Սահակաշվիլին այցով գտնվում է ԱՄՆ-ում: Այցի շրջանակներում, գործընկերության պայմանագիր է կնքվել, որով Թրամփը Թբիլիսիում եւ Բաթումիում կկառուցի բնակելի կոմպլեքս եւ հյուրանոց:





























