Մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարելի է համարել հանգրվանային: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը կհարգի պայմանավորվածությունները:
«Ղարաբաղի խնդիրը բոլոր թեմաների հետ կապ ունի, քանի որ ամենակարեւորագույններից մեկն է: Սոչիի հանդիպումը կարելի է համարել հանգրվանային: Կա բանակցային հստակ հիմք եւ կան կարճաժամկետ պայմանավորվածություններ: Երկարատեւ առումով, իհարկե, բանակցությունները շարունակվելու են, եւ Սոչիում ի վերջո նշմարվեց, թե ինչ ճանապարհով կարող ենք առաջ շարժվել: Իսկ կարճաժամկետ հեռանկարում կարեւոր է, որ պայմանավորվածություններն ուղղված լինեն հրադադարի ռեժիմի պահպանմանը:
Դա լակմուսի դեր է կատարում, եւ ցույց է տալիս, թե կողմերը ինչպես են կատարում պարտավորությունները: Միշտ կարելի է կարճ ժամկետում լարվածություն ստեղծել, իսկ խաղաղության գործըթնացը, լարվածությունը թուլացնելու գործընթացը շա ավելի ծանր է: Մենք պետք է կարողանանք պարպենք լարվածությունը եւ, եթե կարողանանք, հասնենք մեր նպատակներին»,-ասել է նախագահը:
Ըստ Սարգսյանի` համանախագահները շատ լավ հնարավորություն ունեն հետաքննել բոլոր այն սահմանային դեպքերը, որ եղան մինչ բանակցությունները եւ դրանցից հետո, եւ անաչառ ներկայացնել, թե ինչ է կատարվել: «Մենք պատրաստ ենք մեր պարտավորությունները կատարել:
Եկել է ժամանակը, որ կողմերի նախագահները հստակ պատասխան տան, թե ինչպես են օգտագործում այս փուլը, ասեն, թե որն է նպատակը` հաջողությունների հասնելը, թե բանակցությունների քողի տակ ռազմական գործողությունների նախապատրաստվելը»,- նկատել է նախագահը եւ հավելել. «Սոչիի հանդիպումը տարբերվում էր մեր մյուս հանդիպումներից եւ կցանկանայի, որ երեւութական չլիներ ան, ինչի մասին հայտարարեցինք:Կա փաստաթուղթ, որի վրա աշխատում ենք, սա երկարաժամկետ գործընթացն է, եւ կան կարճաժամկետ պայմանավորվածություններ, որը պարտավոր ենք կատարել»:





























