Հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր` մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 11-ին մոտ հարյուր հայեր հավաքվել են Վալանսում` Դրոմի պրեֆեկտուրայի առջեւ` պահանջելով Ֆրանսիայի Սենատից ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Այդ մասին գրում է Nouvelles dArmenie-ն:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին ուղղված բաց նամակում` «Դրոմ-Արդեշի հայկական կազմակերպությունների համախմբման» նախագահ Ժորժ Էրեցյանը գրել է. «Մենք արձանագրում ենք, որ պարտավորությունները, որոնք դուք ստանձնել եք 2007թ. ապրիլի 24-ին, կատարված չեն:

…Նման վերաբերմունքն աջակցում է թուրքական պետությանը` Ցեղասպանության ժխտման հարցում, հավերժացնում է բնակչության տառապանքները, խախտում է հանրային կարգը: Արեւմտյան Հայաստանի մի ողջ քաղաքակրթություն, որը 3000 տարեկան էր, պարբերաբար ոչնչացվել է Ցեղասպանության ժամանակ: Հենց այդ պատճառով էլ պահանջում են քվեարկել Սենատում այդ օրենքի օգտին»:

Նշենք, որ մարտի 12-ին Ֆրանսիայի հայերը Փարիզում եւ այլ քաղաքներում բողոքի գործողություններ են անցկացնում` Սենատում օրենքի արգելափակման դեմ: Սենատի առջեւ կայանալիք հանրահավաքին մասնակցելու է նաեւ Շառլ Ազնավուրը: