AFP ֆրանսիական լրատվական գործակալությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի սկսվելու օրը ռեպորտաժ է պատրաստել:

Գործակալության ռեպորտաժում նշվում է, որ Քոչարյանի կողմնակիցները  դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում էր դատական նիստը, ակցիա են անցկացրել:

Ակցիայի մասնակիցները պահում էին  «Քոչարյանը քաղբանտարկյալ է», «Քաղաքական վենդենտա» գրություններով պաստառներ:

 «Նիստը սկսվեց դատարանի փոքրիկ դահլիճում, որը լցված էր լրագրողներով: Գործնական մոխրագույն կոստյում հագած Քոչարյանը անվրդով էր երեւում եւ ժպտւմ լսարանում իր կողմնակիցներին, որոնք վանկարկում էին «Ազատություն»»,-գրում է  գործակալությունը:

AFP-ին տված մեկնաբանությունում Քոչարյանն ասել է, որ իր հետ կատարվածը ոչ այլ ինչ է, քան ապօրինություն: Նրա խոսքով՝ ներկայիս իշխանություները իրեն մեղավոր են հայտարարել եւ «դատական համակարգը սպասարկում է քաղաքական տիրոջը»:

«Ես անկուսակցական նախագահ էի, որը գործում էր առանց «լավություն անելու» եւ նախատրամադրվածության», - ասել է Քոչարյանը՝ գրավոր պատասխանելով հարցերին: Քոչարյանն ասել է, որ այժմյան իշխանությունները «առանձնապես շահագրգռված չեն պարզելու, թե ով է պատասխանատու մարդկանց մահվան համար՝ «ներկայիս իշխանությունների համար խիստ անցանկալի փաստերը բացահայտելու վախից»:

«Դրա փոխարեն նրանք իրենց ջանքները կենտրոնացրել են իմ դեմ քաղաքական շարժառիթներով մեղադրանքների կեղծման վրա»,- ընդգծել է նա:

Երկրորդ նախագահն ընդգծել է, որ «պատմությունը վերաշարադրելու «անմիջական շարժառիթ կա՝ իրեն չսեւացնելու եւ 2008-ի իրադարձությունների համար պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու համար»: