Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր`մարտի 14-ին շարունակվել է «Ժամանակ» օրաթերթի դեմ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցի քննությունը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով  քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում ընդդիմադիր պարբերականից: Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված մի քանի նյութերի վերաբերյալ պահանջել էր հերքում, որոնք, թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս:

Փետրվարի 25-ին կայացած նիստում «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել է դատարանին, որ եթե հայցվոր կողմի նպատակը լրատվամիջոցին նյութապես վնաս հասցնելը չէ, կարող է ներկայացնել հերքման տեքստ` ի վերջո հասկանալի եւ պարզ նշելով, թե հրապարակումներում ինչն է վիրավորանք կամ զրպարտություն համարել, եւ այն դատարանի կողմից հաստատվելու դեպքում թերթը պատրաստ է տպել այն:

Մարտի 14-ին կայացած նիստում, ըստ էության, հայցվոր կողմը մերժել է «Ժամանակի» առաջարկը, ինչը հիմք է տալիս օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին կարծելու, որ Քոչարյանները պարզապես «Ժամանակ» թերթի համար ֆինանսական խնդիրներ հարուցելու նպատակ են հետապնդում: Փաստաբանն այսօր մեկ անգամ եւս կրկնել է իր առաջարկը, որ եթե Քոչարյանների ներկայացուցիչները նշեն, թե ինչն են վիրավորանք համարում, իրենք պատրաստ են հերքման տեքստ տպել:

Նիստի ընթացքում արձանագրվել է, որ հայցը ներկայացվել է դատարան թույլատրելի մեկամսյա ժամկետից ուշ, եւ դատավորը ժամանակ է տրամադրել հացվոր կողմին` պարզաբանումներ ներկայացնելու ուշացման վերաբերյալ: Դատական հաջորդ նիստը կայանալու է մարտի 23-ին: