ՀԱԿ-ի ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը ոչ թե բերման է ենթարկվել ոստիկանություն, այլ առեւանգվել է եւ առեւանգումից շատ ավելի ուշ է միայն պարզ դարձել, որ նա գտնվում է ոստիկանությունում: Այսօր՝ մարտի 14-ին նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի քաղաքական բանտարլյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն:

«Նրան մեղադրում են  2011 թ. մարտի 1-ին ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի պահանջներին չենթարկվելու եւ նրան մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Այնինչ նշված ոստիկանը հանրահավաքի ժամանակ եղել է քաղաքացիական հագուստով, ցուցաբերել է սադրիչին վայել վարքագիծ՝ փորձելով հանրահավաքի մասնակիցների հետ, բազմաթիվ վկաների ներկայությամբ, ընդհարում հրահրել: Հենց նրա գործողությունների արդյունքում էլ տեղի է ունեցել քաշքշուկ, ինչին ի թիվս շատերի, մասնակցել է նաեւ Սամսոն Խաչատրյանը: Դեպքն այնքան աննշան է եղել, որ անգամ ոստիկանության՝ այդ օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության համաձայն, հանրահավաքն անցել է առանց միջադեպերի»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հայտարարում է, որ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը նախապես կազմակերպված սադրանքի արդյունք է, ուղղակիորեն կապվում է նրա ծավալած քաղաքական գործունեության հետ ու պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել:

«Միաժամանակ ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք վերջ տալ խաղաղ հանրահավաքների ժամանակ տարբնույթ սադրիչների միջոցով, ովքեր որպես կանոն հագուստափոխված ոստիկաններ են, քաշքշուկներ ու տարբեր մանր ու մեծ սադրանքներ կազմակերպելու արատավոր պրակտիկային»,- ասված է հայտարարության մեջ: