Այս տարվա ընթացքում` ՀԴՄ կտրոններով հունվարին անցկացված առաջին վիճակահանության արդյունքներով, որին մասնակցում էին նախորդ տարվա վերջին եռամսյակի բոլոր կտրոնները, տրամադրվել է 30 ավտոմեքենա, իսկ ընհանուր առմամբ, տարեսկզբին 326 հազար շահում էր արձանագրվել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, փետրվարի 12-ին անցկացված հաջորդ վիճակահանության արդյունքում շահել է 94 հազար քաղաքացի` 2, 3, 4, 5 եւ 6 թվերի համընկնումներով:

«6 թվի համընկնումով 3 քաղաքացի է շահել: 5 թվի համընկնումով էլ 100 հոգի է շահել, որոնցից, կախված գործարքի արժեքի մեծությունից, եւս 6 քաղաքացի կստանա Kia Rio Standart մակնիշի ավտոմեքենա»,- տեղեկացրել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման եւ հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արթուր Մանուկյանը: Ըստ նրա, այս տարի շահումները զգալիորեն ավելացել են` նախորդ տարվա միջին վիճակագրական շահումների քանակի հետ համեմատած: «Այստեղից կարելի է նաեւ հետեւություն անել` եթե շահումներն ավելացել են, ապա ավելացել է նաեւ կտրոն պահանջողների քանակը»,- ասել է Ա. Մանուկյանը:

«Շատ անսպասելի էր շահումը. գնել էի վերանորոգման ներկեր, բայց չէի էլ պատկերացնի, որ ավտոմեքենա կշահեմ:  28 հազար դրամի առեւտուր եմ արել եւ փոխարենը` շահել ավտոմեքենա»,-նշել է Սերինե Փիրուզյանը, ով եկել էր «Կիա Մոթորս Արմենիա»-ի գրասենյակ` ՀԴՄ կտրոնների վիճակահանությամբ շահած ավտոմեքենան ստանալու: