Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ծանուցագրեր է ուղարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին եւ Զարուհի Փոստանջյանին, սակայն չի նշել, թե ինչ կարգավիճակով են նրանց հրավիրում հարցաքննության:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Իշխանության ուղղորդմամբ ուժային կառույցների կողմից «Ժառանգություն» կուսակցության դեմ ծավալվող քրեականացված հետապնդումները ակնհայտ դարձրին, որ կուսակցությունը, այլ ընդդիմադիր գործընկերների եւ քաղաքացիական հասարակության հետ ընդհուպ մոտեցել է իշխանության համար խիստ վտանգավոր եզրագծին: Իր սպասարկու ԶԼՄ-ների եւ համազգեստավոր (նաեւ` քաղաքացիական հագնված) օրինազանցների միջոցով նոր որակի հանցավոր արշավ սանձազերծելով «Ժառանգության» դեմ` իշխանությունը տակավին հույս ունի հետաձգել անխուսափելին, որն այլեւս օրախնդիր հրամայական է, համահանրապետական կենսակոչման պահանջ...

Մարտի 3-ին Հանրապետության հրապարակի հայտնի դեպքերից հետո, որի ժամանակ «Ժառանգության» պատգամավորները մի խումբ քաղաքացիների հետ փորձում էին ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները պաշտպանել իրավապահի համազգեստով անձանց ոտնձգություններից, Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց ոստիկանի դեմ իբրեւ թե բռնություն կիրառելու փաստով:

Այդ «գործով» ՀՔԾ հարցաքննության հրավիրելու մասին Արմեն Մարտիրոսյանին եւ Զարուհի Փոստանջյանին մարտի 12-ին պաշտոնական ծանուցագրեր է ուղարկել, որոնցում, սակայն, պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածի համապատասխան դրույթը, համաձայն որի` ծանուցագրում պարտադիր պետք է նշվի հարցաքննության կանչվողի կարգավիճակը: Հատկանշական է, որ մարտի 4-ին ՀՔԾ-ն իր հարուցած քրեական գործը իր կայք-էջում տեղադրում է մարտի 9-ին` «Ժառանգության» կողմից մարտի 3-ի դեպքերի վերաբերյալ Հաղորդում հանցագործության մասին ներկայացնելուց ժամեր անց»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:

Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել նրան: Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ հանդիպում պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: