Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 14-ին մասնակցել է ոստիկանության կոլեգիայի նիստին, որի ընթացքում, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել ՀՀ-ում հանցավորության դեմ տարվող պայքարի եւ հասարակական կարգի ապահովման վիճակի մասին, իսկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը զեկուցել է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացված հաշվետվությունների կապակցությամբ Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բարեփոխումների տեմպին, իրականացվող քայլերի արագությանը եւ, անշուշտ, շոշափելի արդյունքների ձեռքբերմանը: «Բավականաչափ աշխատանք է կատարված իրավական, նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ, բայց ժամանակն է արդեն տեսանելի լուրջ արդյունքներ ունենալ գործնական հարթությունում, կյանքում, որպեսզի եւ մենք տեսնենք, եւ դուք տեսնեք, եւ մեր հասարակությունը տեսնի:
Ես պատրաստվում եմ շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին: Պատրաստվում եմ ամենօրյա ռեժիմով աջակցել փոփոխություններին խոչընդոտող խնդիրների լուծմանը, սատարել դրական զարգացումներին, կանգնել սրտացավ գործող ոստիկանի կողքին, օժանդակել պրոֆեսիոնալ եւ գործին նվիրված կադրերի առաջխաղացմանը: Միասին մենք ավելի ակտիվ գործելու ենք նոր հնարավորությունների ստեղծման, միջոցների հայթայթման, տեխնիկական հագեցվածության բարձրացման, պրոֆեսիոնալ խմբերի ավելի արագ կայացման եւ այլ ուղղություններով»,-նշել է նախագահը:





























