Որոշակի կասկածներ կան, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հետեւելով իր հայտարարությանը, իսկապես հացադուլ կանցկացնի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
«Հնարավոր է, Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է պարզապես հաճելին համատեղել օգտակարի հետ եւ այս օրերին պաս պահել»,- նկատել է Նիկոյանը: Նա միաժամանակ տարակուսանք է հայտնել ընդդիմադիր գործչի պայքարի մեթոդների կապակցությամբ:
«Իսկ ինչո՞ւ է նա հացադուլ հայտարարել: Կարող էր պարզապես ներկայացնել իր պահանջներն ու առաջարկներn իշխանություններին, որոնք հաշվի են առնում ընդդիմության կարծիքը»,- նկատել է Նիկոյանը` ընդգծելով, որ Հովհաննիսյանի գործողությունները, ըստ ամենայնի, պոպուլիստական բնույթ են կրում:
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին` ի նշան բողոքի երկրում ստեղծված իրավիճակի դեմ: Հովհաննիսյանի այդ քայլը անսպասելի է եղել նաեւ կուսակիցների համար:





























