Հայաստանում արտոնագիր ստացած գյուտերի կեսից ավելին 2-3 տարի անց դառնում է ժամկետանց, քանի որ հաճախ գիտնականների համար դժվար է վճարել գյուտի արտոնագրի ժամկետը երկարացնելու վճարը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մտավոր սեփականության գործակալության» Գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում գյուտի եւ օգտակար մոդելների գրանցման վճարը ներկայումս կազմում է 8750 դրամ, իսկ արտոնագիրը 2-3-րդ տարի պահպանելու համար անհրաժեշտ է վճարել 5000 դրամ։

«Այդ գումարը տարեցտարի ավելանում է, ինչը, թերեւս ոչ բոլորի գիտանակններին է հասու, արդյունքում՝ տվյալ գիտնականի գյուտը դառնում է հանրային սեփականություն»,-ասաց Ա. Պերյանը։ Նրա խոսքով՝ իրենց գյուտերի արտոնագրերը մի քանի տարի շարունակ պահպանում են արտոնագրեր ստացողների չնչին տոկոսը միայն, այն էլ՝ հիմնականում դեսերտացիայի կամ որեւէ գիտական աշխատանքի համար։ 

Իսկ թե արտոնագիր ստացած գյուտերն ինչպիսի՞ փորձաքննություն են անցնում եւ դրանց կիրառությունն օգտակար կլինի՞ հարցին, Ա. Պերյանն ասաց. «Օրենքը չի պահանջում խիստ փորձաքննություն։ Մենք նայում ենք, որ գյուտը առաջին հայացքից չհակասի ֆիզիկայի կամ այլ օրենքների, եւ այլ երկրներում արդեն իսկ կիրառված չլինի»: Ինչ վերաբերում է գյուտի օգտակարությանը՝ դրա պատասխանատվությունը, ըստ Պերյանի, դրված է գյուտի հայտատուի վրա։  

Նշենք, որ «Մտավոր սեփականության գործակալությունը» 2010 թ. ստացել է գյուտերի եւ օգտակար մոդելների 187 հայտ, որից 165-ին արտոնագիր է տվել։

Լուսինե Մովսիսյան