ԱՄՆ դեսպանատանն այսօր՝ մարտի 15-ին տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում դեսպան Մարի Յովանովիչը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Խիզախ կին» մրցանակը հետմահու շնորհել է Ամալյա Կոստանյանին:
Մրցանակն Ա. Կոստանյանին է շնորհվել «հաշվետու եւ թափանցիկ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության ամրապնդմանն ուղղված իր տասնամյա գործունեության համար»` ընդգծելով, որ Ամալյայի «վճռականությունը եւ նվիրվածությունը Հայաստանի զարգացմանը եւ ժողովրդավարացմանը հանդիսանում է արժանապատվության եւ հայրենասիրության բացառիկ օրինակ»:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել դեսպան Մարի Յովանովիչը, ինչպես նաեւ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ եւ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ Ամալյա Կոստանյանի եղբայր` Հովիկ Կոստանյանը:
Դեսպան Յովանովիչը նշել է, որ Ամալյա Կոստանյանը «շատ ջանք ու եռանդ է ներդրել, որպեսզի հասարակության բոլոր օղակներում քաղաքացիները գիտակցեն իրենց դերը կոռուպցիայի դեմ պայքարում եւ իր գործունեությամբ փոխանցել է իր կյանքի հիմնական ուղերձը, այն է` կոռուպցիայի դեմ պարտավոր ենք պայքարել մենք բոլորս»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի այս մրցանակին արժանացել էր քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:





























