Վերջին շրջանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ելույթներում անդրադառնում է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին եւ նրանց լուծման ուղիներին:
Ըստ Սամցխե-Ջավախքի վարչակազմի տեղեկատվության, Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը Ջավախքին հատկացրել է 27 տրակտոր, 15 գութան, 5 կցասայլ եւ այլն: Գյուղատնտեսական տեխնիկան բաժանվել է բոլոր շրջանների միջեւ, չնայած Ջավախքի գյուղացիների խոսքով, տեխնիկայի վարձը շատ թանկ է, այդ պատճառով էլ շարունակում են եզներով աշխատել:
«Բարեկամից տրակտոր վարձելը թանկ է, իսկ նախագահի նվիրած տրակտորով, հողի մշակման ժամանակ, ամեն 100 մ-ի վրա վճարում ենք 1,6 լարի ( շուրջ 350 դրամ): Բացի այդ, տրակտորը կամ չի գալիս, կամ մի քանի օրով ուշանում է»,-բողոքել է գյուղացի Լենա Միգրիաուլին:
Ջավախահայ գյուղացիների խոսքով, ելքը վառելիքի էժանացման, սարքավորումների առկայության, ոռոգման համակարգի կատարելագործման, բարձրորակ սերմերի էժանացման, ինչպես նաեւ թունաքիմիկատներով ապահովման մեջ է: Բացի այդ, որպեսզի մեծանա գյուղացիների աշխուժությունը, պետք է բարելավվի ապրանքի իրացման գործընթացը, ինչը Վրաստանի գյուղատնտեսության մեջ դեռ բացակայում է:




























