Վաճառողների կողմից իրականացվող կամայականությունները պայմանավորված են սպառողների անտեղյակությամբ. դրա համար  անհրաժեշտ է, որ շարքային սպառողն իր իրավունքներին ծանոթանա դեռեւս դպրոցից: «Սպառողի իրավական գրագիտությունը եւ իրավունքներին հետամուտ լինելն առաջնային պայման է ոլորտի առողջացման համար, ուստի նախ  անհրաժեշտ է իրականացնել հանրային իրազեկման պետական ծրագիր»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել Գյումրիում գործող փաստաբան  Աննա Դավթյանը, հավելելով, որ մյուս կողմից էլ սպառողը պարտավոր չէ ամեն քայլափոխի պայքարել իր իրավունքների ոտնահարման դեմ: Դրա համար գոյություն ունեն պետական մարմիններ, որոնք  վարձատրվում են սպառողների վճարած հարկերի հաշվին, ուստի պետք է աշխատեն:

Աննա Դավթյանն  ասում է, թե իր երկար տարիների գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, որ սպառողը դիմի փաստաբանական օգնության` իր իրավունքները պաշտպանելու նպատակով:   Պետք է այնպիսի դաշտ ստեղծվի, որ սպառողը մտնի խանութ, սպասարկվի, միեւնույն ժամանակ իրեն խաբված չզգա:

«Աշխարհում սպառողն է թելադրում ամեն ինչ, իսկ մեզ մոտ` արտադրողներն ու ներկրողները»,-ասում է փաստաբանը:

Մեր փոքրիկ հարցախույզը Գյումրիում պարզեց, որ սպառողներից շատերը տեղյակ չեն, թե օրենքով ինչ իրավունքներ են սահմանված գնորդների համար, մի մասը միայն պատասխանեց, որ հետեւում են, որ գնված ապրանքի քաշը պակաս չլինի: