Ի՞նչ է փոխվել հարկային վարչարության ոլորտում։ NEWS.am-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ գործարարներից։ Առավել անկեղծ պատասխաններ ստանալու համար երաշխավորեցինք տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը։

Գործարարները նշում են, որ առկա են եւ դրական, եւ բացասական փոփոխություններ։ Դրական են համարում հատկապես տեսչական ստուգումների կասեցումը։ Ասում են, որ տեսչական ստուգումներից իսկական գլխացավանք էր Աշխատանքի պետական տեսչությունը։ Նրանց ստուգայցերից հետո 2009 թ. բազմաթիվ փոքր օբյեկտներ են փակվել՝ հատկապես նորաբացները։ Հիմա Աշխատանքի պետական տեսչությունը բիզնեսին այցելում է միայն բողոքներ ստանալուց հետո։

Մյուս տեսչություններից առայժմ լիազորությունները պահպանում է գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը։ Ընդ որում՝ հարցվածներից ոչ մեկն այս գերատեսչության ճիշտ անվանումը եւ գործառույթները չգիտի։ Ծառայության տեսուչների այցելությունները, ըստ սննդի վաճառակետերում կամ հանրային սննդի օբյեկտներում աշխատողների, հիմնականում ձեւական բնույթ է կրում՝ նրանց հետ հեշտ է «պայմանավորվելը»։

Հիմնականը, իհարկե, հարկային մարմինների հետ փոխհարաբերություններն են։ Այստեղ էական առաջընթաց է հաշվետվությունների ներկայացման կանոնակարգումը։ Բոլոր տարածքային հարկային տեսչություններն էլ պարտաճանաչ ընդունում են փոստով կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հաշվետվությունները, ինչը հիմնարկների հաշվապահներին ազատում է բազմաթիվ բյուրոկրատական քաշքշուկներից։ Գործնականում՝ նվազագույնի են հասցվել նաեւ ստուգումները։

Սակայն հնարամիտ տեսուչները գտել են օրենսդրությունը շրջանցելու ձեւը։ Հիմա տեսուչները օբյեկտ են այցելում ոչ թե ստուգման հանձնարարականով, այլ ուսումնասիրություն կատարելու պատրվակով։ Թե ինչումն է «ուսումնասիրության» եւ «ստուգման» տարբերությունը՝ ոչ ոք չգիտի։ Բոլոր հարցվածներն էլ պնդում են, որ համարյա տարբերություն չեն տեսնում։ Միակ դրականն այն է, որ այդ այցելությունները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ։ Եթե գործարարը սկսի բողոքել կամ չհամաձայնել ուսումնասիրության արդյունքերի հետ, կամ չտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը՝ տեսուչները սպառնում են հաջորդ անգամ այցելել ստուգման հանձնարարականով։

Հարցված գործարարները միաբերան խոստովանում են, որ աշխատում են ստվերային դաշտում։ Նույնիսկ այն օբյեկտները, որ հաստատագրված հարկի դաշտում են, ունեն ստվերային կողմ։ Նրանք չեն գրանցում բոլոր աշխատողներին, կամ ճիշտ ցույց չեն տալիս աշխատավարձի ճիշտ չափը։ Ասում են՝ այդպիսով գումար են տնտեսում։ Փոքր բիզնեսի ներկայացուցիչները խուսափում են խոստովանել, որ քրեական աշխարհին հարկ են տալիս՝ հանգիստ աշխատելու համար։

Սակայն անպայման մատնանշում են այն օբյեկտները, որոնք քրեական աշխարհից կախվածություն ունեն։ Այդպիսով ստացվում է, որ փոքր բիզնեսի զգալի մասը զերծ չէ այդ «թերությունից»։ Հովանավորչություն համար ծախսվող գումարները նրանք հանում են օրինական հարկերից։ Օրինական հարկերի հաշվին են վճարում նաեւ բոլոր կաշառքները։ Գործարարներից մեկը այսպես նկարագրեց իր ստվերային գործունեությունը. պետությանը տալիս է օրինական հարկի կեսը, եւս քառորդ մասը ծախսում է հովանավորչության եւ կաշառքների վրա, մյուս քառորդը՝ իր օգուտն է։

Այն հարցին՝ թե համաձա՞յն են լրիվ աշխատել օրինականության դաշտում, գործարարները միասնական մոտեցում չունեն։ Մի մասն ասում է, որ համաձայն է, եթե իր բոլոր մրցակիցները նույնպես 100 տոկոսով օրինական աշխատեն։ Մի մասն էլ պնդում է, որ գործող հարկային համակարգը ճնշող է եւ հնարավորություն չի տալիս բիզնեսը ծավալել։