Ես որեւէ պահանջ չունեմ, ես ավելի շատ ունեմ ակնկալիք: Ժողովուրդն ունի պահանջ վերահաստատել` իր իշխանություններին ընտրելու իրավունքը: Այդ մասին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօրվանից Ազատության հրապարակում հացադուլ է անցկացնում:
Խոսելով իր սպասելիքների մասին Հովհաննիսյանը, մասնավորապես նշել է: «Ակնկալիքս այն է, որ գործող իշխանությունները գործուն քայլեր իրականացնեն Հայաստանը հետ պահելու արտահերթ այս անդունդից, եւ երկրորդ, որ ընդդիմությունն ու հասարակությունը չմնան կրավորական վիճակում եւ համագործակցության դաշտ ստեղծեն: Այսպես շարունակել` կնշանակի դատապարտել երկիրը եւ նոր սերունդներին իրավազուրկ ապագայի: Ուզում եմ նաեւ իմ համեստ օրինակով ցույց տալ, որ մեր երկրում փոփոխությունների ու քաղաքական արդյունքների հնարավոր է հասնել քաղաքացիական ակտիվության եւ զրկանքների միջոցով: Ես իմ օրինակով ցույց եմ տալիս, որ իշխանությունը նույնպես պետք է իրեն զրկի որոշ բաներից, որպեսզի երկիրը փրկվի վերահաս վտանգից»:
Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե որքան ժամանակ է նա մտադիր մնալ Ազատության հրապարակում այս գիշեր եւ ընդհանրապես մտադիր է վրան խփել` Հովհաննիսյանը նշեց, որ ժամկետ չի մատնանշում. «Աստված ինձ ուժ տա, մարմինս որքան կդիմանա: Վրանի մասին դեռ չեմ մտածել, երեւի կմնամ առանց վրանի, այդքան ցուրտ չի: 2005 թ նոյեմբերին մի քանի օր գիշերել ենք այստեղ եւ վրանի կարիք չի եղել: Բայց եթե երկար օրեր այստեղ մնամ, չեմ բացառում, որ վրանի կարիք լինի»:
Պատասխանելով այն հարցին, թե որն է լինելու իր հերթական քայլը, եթե իր ակնկալիքները չարդարանան, Հովհաննիսյանը նշեց. «Դեռ չեմ որոշել հաջորդ քայլը, հնարավոր է, որ կշարունակեմ իմ հացադուլը, որքան կարողանամ: Չի բացառվում, որ այս հացադուլը, եթե ոչ իշխանության շրջանում, ապա քաղաքացիական հասարակության մեջ տեղաշարժի կբերի»:
Ինչ վերաբերում է նոր հացադուլավորների միանալուն, «Ժառանգության» առաջնորդն ասաց, թե չի ցանկանում, որ իրեն միացողներ լինեն, քանի որ այդ որոշումը տարածվում է միայն իր վրա. «Ընկերներս, համակիրներս այստեղ են, որդիս է աստեղ: Բոլորը հերթափոխով այստեղ են լինում, եւ ես ինձ մենակ չեմ զգա»: Նա շնորհակալություն հայտնեց եւ համակիրներին եւ պատգամավորներին, որոնք այցելել ու զորակցել են իրեն. «Ինձ ջերմացնում է նաեւ քաղաքացիների ակտիվությունը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ իրեն այցելելու են եկել ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Հայ ազգային կոնգրեսից Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, քաղաքացիական խմբեր, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Վարդան Խաչատրյանը:





































