Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել Թայվանի հետ պաշտոնական շփումները: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի եւ Թայվանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Դեւիդ Լիի հանդիպումը:
«Մեկ Չինաստանի սկզբունքը քաղաքական հիմք է չին-ամերիկյան հարաբերությունների համար: Մենք դեմ ենք ԱՄՆ-ի եւ Թայվանի՝ ցանկացած ձեւաչափով պաշտոնական շփումներին: ԱՄՆ-ին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ շփումները»,- ասել է Լու Կանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բանակցությունները կայացել են ԱՄՆ Դեւիդ Լիի այցի ընթացքում: Թայվանի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 1979 թվականից ի վեր կղզու եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո առաջին նման հանդիպումն է:
Թայվանը սեփական վարչակազմն ունի 1949 թվականից: Այդ ժամանակից ի վեր չինական կղզին գտնվում է սեփական վարչակազմի կառավարման ներքո՝ պահպանելով Չինաստանի նախկին հանրապետության դրոշը, արժույթն ու այլ ատրիբուտներ: Ընդ որում, պաշտոնական Պեկինը Թայվանը Չինաստանի գավառներից մեկն է համարում:





























